RADIO

WESTERN ARMENIA

 

METEO EN

ARMENIE OCCIDENTALE

 

ACTUALITÉ

 

EUROPE

 

DOSSIERS

 

DOCUMENTS

 

INTERNATIONAL

 

POLITIQUE

 

VIDEOS

 

EVENEMENTS

 

ANNONCES

 

ARCHIVES

 

FORUM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

WAN © 2009

ՋԱՎԱԽՔ

   2008 թ, Դեկտեմբեր  29                                                                                                                   Politique

     Վահագն Չախալյան. Ջավախքահայությունը շարունակելու է իր պայքարը 

Bagin 29/01/09 

«Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հայտարարությունը, որը նա հրապարակել է 28.01.2009թ. Ախալցխայի շրջանային դատարանում կայացած դատավարության ընթացքում։   

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժումը, որի առաջնորդը ես հանդիսանում եմ, իր հիմնադրման պահից ստանձնեց ջավախքահայության և վիրահայության խնդիրների լուծման հետապնդումը

Խնդիրները բազմաթիվ էին և ե՛ն: Վրացական իշխանություններն իրականացնում են հետևողական քայլեր` ուղղված  ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը և տարածաշրջանում էթնիկական առկա պատկերի փոփոխմանը: Այսպես, Ախալքալաքում գործում է պետական ԲՈՒՀ, որի ուսանողների շուրջ 70%-ը ազգությամբ վրացի են, Նինոծմինդայում գործում է վրացական մանկատուն, կառուցվում է մեծ քրեակատարողական հիմնարկ: Շարունակական փորցեր են կատարվում վրացականացնել հայկական եկեղեցիներ, ստեղծվում են վրացական մենաստաններ: Ջավախքում պարտադրվում է վրացերեն լեզվի ոչ-այլնտրանքային օգտագործումը հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ջավախքահային չի տրվում մայրենի լեզվի հիմքի վրա տեղում համալսարան հիմնադրելու հնարավորություն և այլն:  

2006թ. մարտի 9-ին Ծալկա քաղաքում ազգությամբ հայ Գևորգ Գևորգյանի սպանությունը և վրաց ոստիկանության կողմից սպանվածի հարազատների և ընկերների հավաքված ցույցի ուժով ցրումը առաջացրեց ջավախքահայության արդարացի բողոքի պոռթկում: «Միասնական Ջավախք»-ն առաջնորդեց ժողովրդական բողոքի այս ալիքը:  

Ժողովրդական զանգվածային բողոքի յուրաքանչյուր դրսևորումից հետո որպես «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ` ես հանդիպումներ էի ունենում վրացական իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց կողմից տրվում էին հայ բնակչության խնդիրները լուծելու խոստումներ, որոնք այդպես էլ մնում էին չիրականացված: Իշխանությունների խորհուրդն էր` զերծ մնալ ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներից և ջավախքահայության նպատակները հետապնդել ընտրությունների և այլ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու միջոցով:  

«Միասնական Ջավախք»-ը հետևեց այդ խորհրդին: Մասնակցեցինք 2006թ. հոկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սակայն իշխանության կողմից թույլ տված աղաղակող և բացահայտ խախտումները զրկեցին «Միասնական Ջավախք»-ին շրջանային կառավարման մարմիններում որևէ նշանակալից ներկայություն ունենալու հնարավորությունից: «Միասնական Ջավախք»-ի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը սադրանքի և ուժի գործադրմամբ խեղդվեց ոստիկանության կողմից:   

2007թ. ընթացքում վրաց իշխանությունները սկսեցին հետևողականորեն իրականացնել «Միասնական Ջավախք»-ի կազմալուծման և իմ` քաղաքական մեկուսացման ու չեզոքացման ծրագիրը, որի գագաթնակետը դարձան 2008թ. հուլիսի 17-21-ի գործողությունները: 

Այսօր, 6 ամիս անազատությունից հետո, վրացական իշխանություններն ինձ դատում են 2006թ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար. ա՛յն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները և վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները, ա’յն ցույցերի, որոնց ընթացքում ջավախքահայությունն իր խաղաղ բողոքի ձայնն էր բարձրացնում ՏԻՄ ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումների դեմ և պահանջում` անվավեր ճանաչել դրանց արդյունքները:  

Արդ, դատարանի դահլիճից հայտարարում եմ. այս դատարավարությունը զավեշտական բեմադրություն է, իսկ դրա անընդհատ հետաձգման պատճառը վրացական իշխանությունների իմ` որպես ջավախքահայության իրավունքների կրող քաղաքական գործչի նկատմամբ տածած վախն է: Ի դեմս ինձ դուք դատում եք Ձեր երկրի հայ փոքրամասնությանը:  

Այդ վախի արդյունքն են նաև հունվարի 22-ին Ախալցխայի հայ գործիչներ` Գրիգոր Մինասյանի և Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունները: Դա մի նոր սադրանք է, որն ընդամենը նպատակ է հետապնդում ջավախքահայությանը մղել ծայրահեղական քայլերի և դրանով վարկաբեկել ջավախքահայության կողմից իր լեզվական, կրթական և կրոնական իրավունքների համար տարվող խաղաղ պայքարը: 

Արդ, պահանջել և պահանջում եմ վրացական իշխանություններից` 

1. Կասեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իմ ազգականների և ընկերների, ինչպես նաև իմ դեմ հարուցված բոլոր քրեական գործերը, դադարեցնել բոլոր քաղաքական և տնտեսական հալածանքները: Ազատ արցակել հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` Ախալցխայում վերջերս ձերբակալված անձանց:   

2. Կասեցնել Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը. 

3. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի և մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար և անկողմնակալ հետաքննություն  

4. Լուծել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող բոլոր լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրները, և մասնավորապես. 

▪ Գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիների ընթացքում նրանից բռնագրավված բոլոր տաճարները. 

▪ Սամցխե-Ջավախք նահանգում և Ծալկայի շրջանում օրեսդրորեն թույլատրել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում և ընդհանուր գործավարության մեջ հայոց լեզվի օգտագործումը. 

▪ Արտոնել Ախալքալաքում հայկական  համալսարանի հիմնադրումը:  

Դատերի և հալածանքների միջոցով վրացական իշխանություններին չի՛ հաջողվի որևէ հարց լուծել. դրանք միայն խորացնելու են առկա դժգոհությունը: 

Ջավախքահայությունը շարունակելու է իր պայքարը: